Մարտի 22-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը`նվիրված Վաչե Շարաֆյանի 50-ամյակին։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան:
Մենակատարներ` Պոլինա Շարաֆյան (ջութակ), Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո) , Կարեն Քոչարյան (թավջութակ), Գևորգ Դաբաղյան (դուդուկ), Վաչե Շարաֆյան (դաշնամուր): Ծրագրում` «Հաջորդ օրը»` թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից, Կոնցերտ-սերենադ ջութակի և լարային նվագախմբի համար, «Ակացիաների երգի առավոտյան բուրմունքը» դուդուկի, սոպրանոյի և լարային նվագախմբի համար,Կոնցերտ դաշնամուրի և լարայինների համար, Դիվերտիսմենտ լարայինների համար:
Վաչե Շարաֆյանը հեղինակ է ավելի քան ութսուն ստղծագործությունների, այդ թվում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային, ինչպես նաև «Աբգար արքա» օպերայի , «Երկրորդ լուսինը» բալետի, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտության:
Շարաֆյանի երաժշտությունը լայնորեն կատարվում է Հայաստանում, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր դահլիճներում` ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Թաիլանդում և այլուր:
«Բացարձակ, խորհրդավոր և, ի վերջո, փառահեղ». այսպես է նրան բնորոշել The New York Times- ը, «Boston Globe»-ը բնորոշել է`«միստիկ, բացարձակապես գրավիչ ու թովիչ» «TheStrad»-ը` «հանճարեղ իր կապերով, լուծումներով... խճանկարով լի, բազմագույն տեմբրերով... կախարդական»: